Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փաշինյանի նյարդերը և Կոստանյանի իրավական «բառակույտը»

Փաշինյանի նյարդերը և Կոստանյանի իրավական «բառակույտը»
21.05.2015 | 23:05

Այսօր ԱԺ-ն առաջին անգամ երկրի գլխավոր դատախազին էր «հյուրընկալել» ու լսում էր, թե ինչ է կատարել նա անցնող մեկ տարում: Գևորգ Կոստանյանը, չնայած խիստ քննադատությանը (առայժմ միայն հարցերի «մակարդակով», մյուս քառօրյայում դեռ ելույթներ կլինեն, որոնք ավելի թեժ մթնոլորտ կապահովեն), չէր կորցնում իրեն հատուկ գոռոզ պահվածքը, շարժուձևերի «տեխնիկան»:

Նախ՝ բանավեճի դաշտ բացեց Նիկոլ Փաշինյանը և դատախազին հիշեցրեց նրա անցյալը: «2013-ի հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում գլխավոր դատախազի Ձեր թեկնածության ժամանակ ես բարձրաձայնեցի կոնկրետ փաստեր, որոնք վկայում են, որ Դուք, լինելով զինդատախազ և վերահսկելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի նախաքննությունը, շրջանցել, կոծկել կամ չնկատելու եք տվել բոլոր այն փաստերը, որոնք ցույց են տալիս, որ Ավետիք Բուդաղյանին սպանել է անձամբ Սուրիկ Խաչատրյանը: Այն ժամանակ Ձեր եզրափակիչ ելույթում Դուք այդ փաստերին չանդրադարձաք, միայն ասացիք, որ այդ կապակցությամբ պատրաստ եք հրապարակային քննարկման»,- նշեց պատգամավորը` հավելելով, որ այդ քննարկումը Կոստանյանի մեղքով չկայացավ:
Այսօր արդեն ընդդիմադիր գործիչը պնդում է. «Եթե ունեք փաստեր, բերեք, եթե չէ, ուրեմն պիտի հրաժարական տաք: Ընդ որում, սա ոչ թե 2 տարի առաջվա բանավեճը հանգուցալուծելու քմահաճույք է, այլ ընթացիկ իրավիճակից բխող շեշտադրում: Վերը նշված գործողություններով՝ Դուք անձնական պատասխանատվություն եք կրում այն ամենի համար, ինչ 2 տարվա ընթացքում տեղի է ունենում Սյունիքում՝ ներառյալ Սդղի գյոլի միջադեպը և երեկվա կրակոցները»:
Ի պատասխան, գլխավոր դատախազն ասաց. «Հրապարակայնությունը չի ենթադրում Ձեր նշած պայմաններով, ձեր նշած վայրում քննարկման փաստը: Ես հոկտեմբերի 1-ին էլ, թե դրանից հետո էլ հաղորդագրություններում ասացի, որ պատրաստ եմ ԶԼՄ-ների ներկայությամբ հրապարակային քննարկման: Հիմա էլ վերահաստատում եմ ու միշտ էլ վերահաստատել եմ: Իսկ Ձեր տեսակետից, հրապարակայնությունը ենթադրում է կոնկրետ վայր, ժամանակ»:
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի տվեցին, և նա, մեջբերելով Արաբկիրի դատարանի որոշումը, ըստ որի Սուրիկ Խաչատրյանի մի քանի մերձավորների հեռախոսները պետք է գաղտնալսեին, նետեց. «2013-ի հուլիսի 30-ին գործը վարող քննիչը գնացել է ԱԱԾ և ասել է՝ տվեք գաղտնալսումները, ԱԱԾ-ում պատճառաբանել են, թե տեխնիկական պատճառներով չեն գաղտնալսել Սուրիկ Խաչատրյանին: Արձանագրությունն իմ ձեռքի տակ է: Դե հիմա Ձեր բառակույտ իրավաբանությամբ մի հատ բացատրեք՝ հնարավո՞ր է, որ որևէ ընդդիմադիր քաղաքական գործչի ասեն, որ տեխնիկական պատճառներով չեն գաղտնալսել: Էդ Ձեր իրավաբանությունը տենց բառակույտ է ու Կաշպիրովսկու ժեստերով ձեռքի սենց շարժումնե՞ր: Ես գնահատել եմ արդեն Ձեր գործունեությունը»:
Սակայն Կոստանյանի արձագանքը բավականին հանգիստ էր. «Ձեզնից պահանջում եմ հարգանք իմ մասնագիտության նկատմամբ: Իրավաբանությունը բառակույտ չէ՝ անկախ նրանից, Դուք դա հասկանո՞ւմ եք, թե՞ ոչ»: Իսկ Սուրիկ Խաչատրյանի մասով էլ վստահեցրեց, որ գաղտնալսելու մասին դատարանում խոսք չի եղել և այդ տեղեկատվությունը հավաստի չէ:
Հավելենք, որ գլխավոր դատախազի՝ 2014-ի գործունեության մասին հաղորդումը ԱԺ-ն ի գիտություն է ընդունում, այսինքն՝ այն քվեարկության չի դրվելու: Մի խոսքով՝ ասում-խոսում-քննադատում են, բայց դրանից ոչ մի էական փոփոխություն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1467

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ